Հարսանիք. հարսանեկան ծիսական համակարգը
Նյութեր

Կենաց ծառի կառուցվածքը
Կլորակ ձողին ՝ 12 ճյուղ՝ 3 տեղերով ամրացված. Ձողերին՝ կարմիր խնձորներ, կարմիր-կանաչ թելեր, թարմ ու չորացրած մրգեր, ընկույզի միջուկով շարան, վերևում՝ գլխով թռչուն(եփած):
1․Կլորակ ձողը
Կլոր ձևը ծիսական մտածողության մեջ ամբողջության, հավերժության, կրկնվող կյանքի նշան է։ Կլորը սկիզբ ու վերջ չունի։ Հարսանեկան ծեսում սա նշանակում է՝ նոր ընտանիքը մտնում է կյանքի շարունակական շրջապտույտի մեջ։
Կլորակը նշանակում է․
• տիեզերական ամբողջություն,
• ընտանեկան միասնություն,
• կյանքի անվերջ ընթացք,
• նոր օջախի փակ, ամուր, պաշտպանված շրջանակ։
2․ 12 ճյուղը
Տասներկուսը տարվա ամիսների, ժամանակի ամբողջականության, բնության պտղաբեր շրջանի խորհուրդն ունեցող թիվն է։ Ու քանի որ ծառը հարսանեկան սեղանին դրվում է որպես բարեկեցության ու պտղաբերության խորհրդանիշ, ապա 12 ճյուղը նշանակում է՝ ամբողջ տարին թող լի լինի պտուղով, օրհնությամբ, առատությամբ։ Ծառը ոչ միայն տվյալ օրվա օրհնությունն է, այլև նոր ընտանիքի ամբողջ կյանքի և տարվա բոլոր եղանակների բարեմաղթանքը։
3․ Երեք տեղերով ամրացված լինելը
Եռակի ամրացումը նույնպես խորհրդանշական է։ Երեքը հայոց և ընդհանրապես ավանդական ծիսակարգերում ամբողջության թիվն է։ Այն խորհրդանշում է.
• երկինք – երկիր – մարդ,
• անցյալ – ներկա – ապագա,
• հայր – մայր – զավակ,
• մարմին – հոգի – օրհնություն
Հարսանիքի պարագայում «երեք տեղով ամրացված» կառուցվածքը հաստատում է՝ նոր ընտանիքը պետք է ամուր լինի բազմաշերտ հիմքով՝ սիրով, օրհնությամբ և պտղաբերությամբ։
Կենաց ծառը կյանքի հավերժության, անմահության խորհրդանիշն է, երկնքից պտղաբերություն ու բարեկեցություն հայցելու խնդրանք ու պաշտամունք: Թռչունը բլբուլն է, որ սիրո երգիչն է ու սիրո աղբյուրը: Ծառը պտղավորվում է սիրուց: Եվ հարսանեկան ծառը հարսի ու փեսայի դաշնության խորհրդանիշն է: Ծառն ունի երեք հիմնական խորհուրդ.
1. կյանքի շարունակություն,
2. պտղաբերություն և սերունդ,
3. հարսի ու փեսայի դաշնություն՝ Աստծո օրհնությամբ։
Ծառը փոքր տիեզերք է՝ իր արմատային, երկրային ու երկնային իմաստներով։ Այն կապում է ընտանիքը, բնությունը, սերը, պտուղը, երկինքը և Աստծո օրհնանքը։
Մաղթանք-երգ՝ ծառը հարսանեկան սեղանին դնելիս․
Ծառ-խընձօրէն ծաղկալ ա
Կընընչկյա̈րմո̈ւր կապալ ա
Նախշուն կաքավը թառէն
Ըստըծու օրթնանքը Հարթնէն :
Կընընչկյա̈րմուր ծաղկալ ա,
Խընձօրնէրավ պէցվալ ա,
Բո̈ւլբո̈ւլ հավքը երքալ ա՝
Ըշկըլո̈ւսանք մէր Փըսէն:
4․ Կենաց ծառի զարդարանքի խորհուրդը
Ձողերին ամրացվում են.
• կարմիր խնձորներ,
• կարմիր-կանաչ թելեր,
• թարմ ու չորացրած մրգեր,
• ընկույզի միջուկով շարան,
• վերևում՝ գլխով թռչուն՝ եփած։
4․1․ Կարմիր խնձորը հարսանեկան խորհրդանիշ է՝ կապված սիրո, գեղեցկության, պտղաբերության և կանացիության հետ։ Կարմիրը կյանքի, արյան, սիրո, կրքի, կենսական ուժի գույնն է։ Այն նշանակում է՝
• սեր,
• ամուսնական միություն,
• մարմնական և հոգևոր պտղավորում,
• առողջ սերունդ,
• հարսի գեղեցկություն և հասունություն։
Խնձորը՝ ծառին․ սա նշանակում է, որ ծառն արդեն «պտղավորված» է, ու հարսանիքը միայն միության սկիզբ չէ, այլև ապագա սերնդի խոստում։
4․2․ Կարմիր-կանաչ թելերը․ կարմիրը՝ կյանք, սեր, արյուն, կրակ, ջերմություն, կանաչը՝ աճ, գարուն, նոր կյանք, բուսականություն, վերածնունդ։
Կարմիր-կանաչ կապերը ծառին տալիս են կյանքի և աճի միասնության իմաստ։ Սերը պետք է աճի, պտղավորվի, կանաչի պես նորանա։ Ամուսնությունը ծաղկող, պտղաբեր ընթացք է։
4․3․ Թարմ և չորացրած մրգերը ․ Թարմ մրգերը խորհրդանշում են ներկա կյանքի առատությունը, իսկ չորացրած մրգերը՝ պահված բերքը, անցյալի փորձը, տան տնտեսությունը, ձմռան պաշարը։
Այս երկուսը միասին ցույց են տալիս.
• ներկա և ապագա բարեկեցություն,
• տան լիություն,
• բերքի շարունակականություն,
• ընտանիքի տնտեսվարություն,
• առատություն բոլոր եղանակներին։
Թարմ պտուղը ներկան է, չորացրածը՝ անցյալը հիշողություն դարձրած, պահպանված պտուղը։ Մաղթանքը միայն «ծիլիքյ, ծաղկիքյ» չէ, այլ նաև՝ «պահիքյ, պահպանիքյ»։
4․4․ Ընկույզի միջուկով շարանը․ Ընկույզը խորհրդանիշ է․ այն ունի կոշտ պատյան և սննդարար միջուկ։ Երբ օգտագործվում է միջուկը, շեշտվում է ներքին բարիքը, սնունդը, կենսական ուժը։
Ընկույզի միջուկով շարանը նշանակում է.
• տան հարստություն,
• ներքին ուժ,
• սերնդի առողջություն,
• օջախի բարեբերություն։
Շարան լինելը կարևոր է․ առանձին ընկույզները կապվում են իրար։ Սա ազգակցական շղթան է՝ տոհմի շարունակության, սերունդների կապի։
4․5․Թռչունը՝ բլբուլը ․ Հարսանեկան ծեսի ամենաբարձր, խորհրդավոր նշաններից է։ Ծառն ուղղահայաց է՝ ներքևից վերև։ Նրա վերևում թռչունն է։ Այսինքն՝ թռչունը գտնվում է երկնային մակարդակում։ Նա միջնորդ է երկրի և երկնքի միջև։
Բլբուլը ժողովրդական պատկերացումների մեջ սիրո, գարնան, երգի, կարոտի և գեղեցկության թռչուն է։ Եթե ծառը պտղաբերության նշան է, ապա բլբուլն այն ուժն է, որ երգով, սիրով, շնչով կենդանացնում է ծառը։
Ծառը պտղավորվում է սիրուց։
Թռչունը նաև օրհնության կրող է։ Նա գագաթին է, բարձրագույն իմաստն է ամփոփում։
Ծառն առանց թռչնի միայն բերքի նշան է, բայց թռչնի հետ այն դառնում է սիրո և երկնային օրհնության ծառ։
Ծառը դաշնություն է, որ ունի հանձնարարական․ փոխադարձ ուխտ, խոստում, կապ, միություն։ Հարսն ու փեսան ոչ միայն միասին են ապրելու, այլև մտնում են սրբացված հարաբերության մեջ։ Ծառն այդ դաշնությունը դարձնում է տեսանելի։
Ծառը սեղանին դնելուց հետո ասվում է.
Տուք էլ ճըճուփվիքյ, ճըռաքյվիքյ էս ծառէն նըման, պըտըղիքյ, բար տաք, բըրաքվիքյ, ուխտըհո̈ւքվիքյ։

—Ի՞նչ դեր ունեին մակառները հարսանիքում։
Հըրսանէքյը մըկըռնէրէնն ա․ ասում է արցախցին։
Մակառների խումբը բաղկացած էր լինում 25-50 հոգուց (թվաքանակը պայմանավորված է հանգամանքներով, իրադրությամբ, հեռավորությամբ): Մակառները սովորաբար լինում են 20-30 տարեկան ջահել տղաներ: «Հրսանէքյը մակառն ա անցկցընում»: Նրանք պարտավոր են երգել, պարել, պարեցնել, «ծաղկէցընէլ», ուրախ անցկացնել հարսանիքը: Նրանց հիմնական պարտականությունն է անփորձանք անցկացնել արարողությունը, վտանգից զերծ պահել հարսին ու փեսային:
Հնում մակառների կարիքը ավելի շատ էր զգացվում, քանի որ հաճախ առկա էր լինում հարսը առևանգելու վտանգը: Մակառները հարսնապաշտպան երիտասարդներ են՝ կորովի և հավատարիմ ամուսնացող ընկերոջը: Հարսանիքի ողջ ընթացքում (3 օր, մի շաբաթ), հարս ու փեսան գտնվում են նրանց շրջափակի մեջ՝ առանձնապես պարելու ժամանակ:
Արարողության հետ կապված բոլոր իրավունքները գտնվում էին մակառների ձեռքին: Մակառախումբը ընտրում էր իր մեծավորին, որ կոչվում է մակառբաշի («կըլխավէր»): Իր հերթին մակառբաշին ընտրում է պարի, երգի, ծափի ղեկավարներ, որը հետամտում էր հարսանիքը ուրախ ու կանոնավոր անցկացնելու նպատակ: Առանց մակառի՝ հարսանիք չի լինում:
Մակառներին դիմավորում են կես-ճանապարհին։ Ընդառաջող խումբը համազարկ է տալիս։ Մակառների կողմից տրվում է համարժեք պատասխան: «Հարսանիքը մակառներինն է»։ Մակառները հարսանիքի տեր ու տնօրենն են։ Նրանք ոչ միայն վերահսկում, պահպանում էին անդորրը, այլև ամենայն աշխուժությամբ ու ավանդների հավատարմությամբ էին անցկացնում այն։ Մակառին հարգում ու պատվում էին և՛ փեսայի, և՛ աղջկա տանը, քանզի երկու կողմերի անվերապահ ցանկությունն էր արարողության խաղաղ ընթացքն ու ավարտը։ Սակայն դա չի նշանակում, թե հարսանիքը զերծ էր լինում չարություններից, անկարգություններից, անգամ ծեծկռտուքներից; Կոնֆլիկտը հիմնականում տեղի էր ունենում մակառների և աղջկակողմ ըմբոստ երիտասարդների միջև։ Միջադեպեր հրահրում էին աղջկա կողմից «դաղված» երիտասարդները։ Նման ընդհարումները սովորական իրողություններ էին հայ հարսանիքներում։ Աղջկատանը մակառներն իրենք էին անկարգություններ անում։ Ցած էին բերում ընկույզի քսակներ (ջվալներ), պտուղներով լի կողովներ (հարսանիքները որպես կանոն աշնանն էին լինում), կախան խաղող, նուռ, ցրում հարսանքավորների մեջ, ազատ արձակում ուլեր, գառներ, գլորում չորացած դդումներ և այլն։ Սրանք համարվում էին մեծ ուրախության բուռն արտահայտություններ։
Բացի ամեն ինչից՝ մակառները նաև խաղի, կոխի ու տարբեր մրցությունների մեջ էին մտնում հարսնակողմ երիտասարդների հետ։ Բայց հիմնականում սրանք ավարտվում էին խաղաղությամբ, կրում էին ընկերական խրախճական բնույթ։
Մակառների դերը հարսանիքի ժողովրդականության, բուռն ուրախության ապահովման մեջ էր։ Պարը, թատերախաղը (զվարճախաղերը), երգը, ասմունքը կազմակերպում էին նրանք՝ միշտ էլ առաջին օրինակների հեղինակները լինելով, ջանալով, որ հարսանքավորները «ցույց տան իրենց աստվածատուր շնորհը»։ Պարի ու երգի յուրահատուկ ասպարեզ է դառնում հարսանիքը։
Փըսան հարթնը տարավ, շաբաշը՝ ղավալը, մըկառէն լյհա վըռըքըէց պար կյալը մընաց։
Ճիշտ չէ նաև այն կարծիքը, որ հայ երիտասարդները սրերով (կամ այլ զենքով) չեն պարել։ Մակառները միշտ էլ զինված էին լինում սրերով ու հրացաններով։ Նրանք պարելիս էլ չէին կորցնում իրենց զգոնությունը, պարում էին սրի դաստակներից բռնած, մեջքներին ունենալով հրացանը։
Ակնարկ անցյալին
Հայ աղջիկները միշտ էլ աչքի են ընկել իրենց գեղեցկությամբ, պարկեշտությամբ ու հավատարմությամբ։ Այս մասին գիտեին նաև օտարները, նվաճողները, հեռու և մոտ ցեղերը, նրանք էլ ցանկանում էին ամուսնանալ հայ աղջիկների հետ։ Օգտագործելով իրենց ուժը, դիրքն ու հարմար առիթները՝ փախցնում էին հայ աղջիկներին։ Այս տխուր երևույթն սկիզբ է առնում դարերի խորքից և շարունակվում մինչև մեր օրերը։ Հերոսություն էր թուրքի, քրդի, լեզգու համար հայ աղջիկ առևանգելը։ Տգեղ հայուհին էլ գերադասվում էր յուրայիններից։ Սակայն հատկապես լավ աղջկան սիրող երիտասարդներ շատ էին լինում նաև տվյալ բնակավայրում և նրանից դուրս տարածաշրջանում։
Նորահարսին փախցնելու վտանգը միշտ էլ առկա էր լինում հարսանքի ժամանակ և նրանից մի քանի օր շարունակ հետո։ Սխալ է կարծել, թե զինյալ երիտասարդների առկայությունը հարսանիքում աղջիկ փախցնելու սովորության վերապրուկ է։ Աղջիկ փախցնելը հայերի մեջ սովորություն չի եղել, իհարկե, բացառությունները միշտ էլ եղել են։
Մակառների առկայությունը հարսանքում պայմանավորված էր վերոհիշյալ նկատառումներով։ Հիմնականում դրսի վտանգն է, որ պատճառ է դարձել զինված և հեծյալ երիտասարդների խմբավորմանը հարսանիքում։ Հարսին փախցնելն առանձնահատուկ խայտառակություն էր գյուղի երիտասարդության համար։ Նման դեպքերում նրանց հետապնդում էին, մտնում կռվի մեջ. ետ էին բերում։ Իսկ եթե առկա էր լինում աղջկա ցանկությունն այդ պարագայում, նրա հետ հաշվեհարդար էին տեսնում։ Մակառների խումբը կազմված էր 25-50 զինավառ, հեծյալ քաջազուն երիտասարդներից։ Եթե աղջիկը և փեսան նույն բնակավայրից են, մոտ տարածության վրա, կամ սպասելի չեն անկարգությունները, ապա թույլ է լինում մակառների զգոնությունը, և նրանք աղջկաբեր են գնում հետիոտն։

Շնորհավորական ծրարներ(տարոսիկներ)
1․Ծըլիքյ, ծաղկիքյ, զուրանաք:
2․Հիշտէղ սար կա՝ Արարատ ինի,
3․Հիշտէղ սէր կա՝ անարատ ինի:
4․Հըղըցավդ կընընչկյա̈րմո̈ւրը կապէ:
5․Պարի ասթխու տակէ ինի քու հրսանէքյըտ, բախտըտ ճարիս, բախտավէրվիս:
6․Պէրանդ քաղցըր կըէնա, շաղէնքյըդ համըէղ:
7․Կյարունքըտ կյա, վարթն ինիս, թաքավէրիտ թագն ինիս:
8․Հըրսանէքյըտ ինի կյըրունքկյալին, ղօչըտ ծընվէ ըրէվկյալին:
9․Կյարունքու տաղէգյ ինիս, ծաղկունքու տար ինիս:
Լիյանաս, բուլանաս, քու փայ բաղէտ բո̈ւլբո̈ւլը տըէռնաս:
Սէրավ ինիքյ, փօնջ ինիքյ:
Վըէտավ ինիս, փընջավ ինիս, բարու հըսնիս:

Մեր լեզվամտածողությունն ամփոփող այս բանաձևերում այն իմաստնությունն է, որ կյանքը բարի է, երբ ծաղկում է, զուգավորվում է, պտղաբերում է, փոխանցում և իր շարունակության մեջ հաղթահարում է ժամանակի անցողիկությունը։
Սըէրտը սըրտան մօտէ կընի, Սէրը սէրան կըմուտանա: Սէրավ իլիքյ:
Այս օրհնանք-բարեմաղթություններում արցախցին մարդուն դիտում է որպես տիեզերական կարգի կենդանի մի օղակ՝ սիրով ու սրտով ներդաշնակված, Աստծո օրհնաբեր կամքին հավատարիմ։
Էրկու շըղարճ ըք՝ մին տըէռնաք, մինանաք, մին պէրցու ծըիրանաք:
Աստուծ էնքան խօխէքյ տա, վէր ճո՜̈ւ-ճո̈՜ւ անիքյ, նի անիքյ, քյի՛շ-քյի՛շ անիքյ, տո̈ւս անիքյ:
Էնչանք խօխա պիրիս, վէր աղանձը մըննընուցավ փայ անիս:
Թաղում, թուռակում, վըէտավ ինիքյ՝ ծաղկած փուշադու նըման:
Վըէննանըտ տըէղ անիս, լուխճին տըէղը լէն անիս(նորահարսին):
Վըսկըքյա̈քյո̈ւլ տըղա պիրիս, խունձո̈ւրիրէս ախճիգյ պիրիս, իմ բըլէս կուռնէն ղըվաթ պիրիս:
Զուրանաք, պըտղիքյ, ճըռաքյվիքյ
Կընընչկյա̈րմո̈ւր զա̈ռ հաքնիքյ,
Ուջաղան վեչ պուք կյաք,
Միշտ ճօխտ կըէէնաք, ճօխտ պըճըղվիքյ:
- Ճղպօրու նըման կանանչ ինիքյ,
Շօք տաք, շուքավեր ինիքյ,
Վէչ թափվիք, բար տաք, բըրաքվիք:
- Մինը Թարթառն ինի, մինը Կարկառն ինի,
Ըրարին, վըրարին,
Բարու կյան, բրանան, մին պէրցու ծըրա̈նան:
Հըզէր ճէղնը տըէռնաք, ճըղնըրնէտ կանանչ ինի, բարավ կըռացած, կաթո̈ւկն էլ փօփ տըէռած ինի:
Ո̈ւրա̈նք ո̈ւրա̈նց սըրտավ ընին, ուշուրնեն ո̈ւրո̈ւր անա տէն չանին:
Ո̈ւրո̈ւր հըէտէ քախծըր ինիքյ մըէղրու նըման, ո̈ւրո̈ւր անա վէչ քուշտանաք, մին մինու անում մըէղըր տըէռնա ծէր պիրըննէրէն:
Վըէտավ ինիքյ սըզնու ծաղկու նման, փընջավ ինիքյ, բարու հըսնիքյ:
Հիշտըղավ քյինիքյ, հըէտավ ինիքյ:
14․ Սուրփ Պառակ, Նահատակ,
Ուվտըրանուց, Ստըփանուց,
Վըսկախաչ, Ըրծըթախաչ, Պըղընձախաչ...
Ո̈ւրո̈ւր անա խաչվին, մըխիթա̈րվին,
Լիյանան, ծուվանան, վէչ քուշտանան:
Ո̈ւրո̈ւր անա միշտ տո̈ւզնը մընան,
Լո̈ւզ տան, լըպըզտին, կընընչկյա̈րմո̈ւր կյէնան:
15․Աստուծ խէր տա. փիս ա՝ լյավ ընի, լյավ ա՝ լյավ ընի (նորահարսին):
16․Աստուծ էնքան կյանք տա, էնքան շնօրք տա, ծնօղնէն անփէշման ինին, թէվէր անին թըռչին: Աստուծ վէչ փուշմընօթուն տա (նորապսակներին):
17․ Դօստու, պարիկամու սըրտավ ինին, դո̈ւշմանու սըրտավ չինին (նորապսակներին):
18․ Էս տանան վէչ քուշտանաս, նէրակ տահամ ծէր տօնը էս տանան կըտրէ վուչ (նորահարսին):
19․Կապն էրկան ընի (նորահարսին):
20․Կըպարու նըման ճըղնըհանիս, կըպարու նըման ճղնըվէրվիս, կըպարու նման վըղըվէրվիս:
21․Հար-հավիդէնական ճօխտ մընաք (նորապսակներին):
- Միշտ փընջված ինիք:
23․ Պարի ասթխու տակէ ինի (հարսանիքը), բախտավէր ինին (ամուսնացողները):
24․Տըէռնաք ճուճուփած խընձօ̈րէ:
25․ Օխտը խուխավ հացու նըստիքյ:
26․Օխտը հո̈ւքյավ սուփրա պէնաք:
27․Օխտը վէրթավ ճըռաքյվիքյ:
28․Սէրունդավ մըծանաք:

Քավորի կենացի ժամանակ․
Սկուտեղի մեջ կարմիր խնձոր են բերում, քավորը կիսում է , ապա մաղթանք հղում.
Էրկու շղարճ ըք՝ մին տըէռնաք, մինանաք: Ո̈ւրո̈ւր անա անպակաս ինիքյ:
Հետո խնձորի կտորները միացնում և տալիս է հարս ու փեսային. Սկզբից փեսան իր կտորը մեկնում է հարսին, վերջինս կծում է նրանից, նույնն էլ հարսը՝ իր բաժնի առաջին վայելումը փեսային է հրամցնում, ապա ուտում են ամբողջապես:
Ծնողների կենացի ժամանակ
Առանց տակռէ ծառ չինիլ,
Առանց ծառ, բար չինիլ:
Տակռավ ինիքյ,
Ծէր տա̈լէրն էլ հազար տըէռնան
Լօխ ծաղկին, լօխ բար տան:
Հարսի գովք
Հանց ա թօռավ լըվացած ճուղուպուր ինի,
Փէշկավ սիրփած խընձօր ինի,
Հըզէրում հընդրած ա ,
Իմ բըլէս ճօկածն ա:
Վըսկըքյաքյուլ տըղա պիրիս, խունձո̈ւրիրէս ախճիգյ պիրիս, իմ բըլէս կուռնէն ղըվաթ պիրիս:
Փեսացուին հղվող խոսք.
**_Կյարունքըտ միշտ տի վարթավ ինի:
Ըլիքյ հավադարո/հավատարիմ/:
Ծառըտ ճիրիլ բիդիս, շահէլ-պահէլ բիդիս, վէր բար տա:
Հըզէր ճէղնը տըէռնաք, ճըղնըրնէտ կանանչ ինի, բարավ կըռացած, կաթուկն էլ փօփ տըէռած ինի:
Ախճիգյը գյո̈ւլբա յա, փըսըկէլանը յըէտը քանդում ըն, նօրը անում: Էն ա սէրուն կյօրծած ա, էտ նըխշէրէն զա̈ռ տալն ա մընամ_**,- դիմում են փեսացուին:
Հարսի ծնողներին դիմելիս
Հըրսանէքյըն ասում, վէր ընօղէն սըէրտը ճաքէ վէչ. այսպես է ծնող- դուստր բաժանումի ծանրությունը բնութագրել արցախցին:
Բայց և մեծ սրտով պատգամել փեսայի ծնողներին․
Ախճիգյը ծըէրն ա, տարը տուք. հունցը պահիքյ, ընդի էլ բարը կօտիքյ:
Աղջկան էլ պատվիրել է ՝
Ճյիրիտ փարչը քյինիյիս տանըտ ա, ըխպիրիտ հըղէն էլ բիդի նօր տօնըտ ա:
Հարս ու փեսայի ծնողներին․
-**_Ըշկըրնէտ լո̈ւս ինի, լո̈ւսավ լիգյն ինի, փօխն էլ մըէզ լուխճին ինի:
Աստուծ մինը տըսնըմին շինի_**…

Կյանքը կառուցելու արցախյան աշխարհընկալման մեջ ամուսնությունն ընկալվել է որպես տոհմական, ընտանեկան, հոգևոր և կենսական մեծ անցում։ Այն սկսվում էր մեծերի օրհնությամբ, կապվում էր մահացած հարազատների հիշողությանը, հաստատվում էր հարսանեկան ծեսերով, ամրապնդվում էր օջախի և թոնրի շուրջ, շարունակվում էր ծնունդով և սերնունդների հերթափոխով։ Այս կենսահամակարգում տունն օջախ էր, հարսը՝ օջախի շարունակության կրողն էր, ամուսնական զույգը՝ պտղի, հիշողության և ապագայի կապող օղակը․․․
Ընտանիքի, մայրության և տան գաղափարը
Ի սկզբանե, բնության օրենքի կանխորոշմամբ, մայրն է եղել սերնդի ծնողը, սնողն ու մեծացնողը։ Այրամարդը այդ հոգսերից ազատ է եղել: Բնությամբ էգն է փնտրել արուին և սերունդ ունենալու պահանջով մղվել դեպի նա։ Իսկ արուն իր ահեղագոչ ձայնով և պատրաստակամությամբ միշտ էլ զգացնել է տվել իր գոյությունը։ Այնպես որ, մայրիշխանություն բառը այլ արժեք ունի։ Մայրն իշխել է իր ծնած զավակին նրան սնելու, պաշտպանելու իմաստով և արուի իշխանություն չի ունեցել, քանզի կապն արուի հետ կրել է պարբերական բնույթ։ Ավելի հզոր է եղել արուն, ավելի անկաշկանդ (մորը կաշկանդողը իր ծնունդն է եղել) և ավելի ազատ։ Արուն այդպիսին է եղել ոչ միայն մարդու պարագայում։ Բայց և դարերով մշակված բնազդով մայրն «անձեռնմխելի» է եղել բնության մեջ՝ բնությամբ տարորոշված մայրության շնորհիվ։ Մայրը սերնդին պաշտպանելու համար լարել է բոլոր ջանքերը, դարձել առավել ուժեղ և երբեմն նաև ավելի վտանգավոր։ Կենդանիների էգն ավելի վտանգավոր է ոչ միայն իր զավակին պաշտպանելու բնազդով, այլև նրան(ինչ ճիգով ու հնարով էլ լինի) սնունդ հասցնելու առումով։
Որդին մորից է սովորել լեզուն և հաղորդակցության մյուս միջոցները։ Դրանով են արդարանում մայրենի լեզու, մայրական խոսք կապակցությունների իմաստները։ Հոր և որդու միջև հարազատություն չի եղել։ Մարդ-արուն ընտանիքին կապվելուց հետո խախտվել է նրա ազատ կենցաղը, և հետզհետե նոր պարտականություններ են ծանրացել նրա ուսերին։
Ամուսնությունից առաջ համաձայնություն ստանալու կարգը
1․Հարսանիքի, նշանի արարողություններից առաջ երկու կողմի ազգի նահապետների համաձայնությունն են առնում ամուսնացողները։
2․Ամուսնացողներն այցելում են երկու ընտանիքների մեծերին (պապ, տատ) և ստանում նրանց համաձայնությունն ու օրհնությունը։
Մահացած հարազատների և նախնիների հետ կապված սովորույթներ
1․Այցելում են մահացած ծնողների գերեզմանին, լացում են, սգում... «Հայր (կամ մայր), ամուսնանում եմ» և տալիս է իր նշանածի անուն-ազգանունը, հայտնում հարսանիքի օրը, պատմում դժվարությունների, հաջողությունների մասին։
2․Այցելում են երիտասարդ տարիքում մահացած ազգականների, հարազատների գերեզմանին, ծաղիկներ դնում, ներում են հայցում իր բացակայությամբ ամուսնանալու, ուրախ արարողությունների համար և խնդրում են բարի աչքերով նայել ամուսնությանը և իր (իրենց) չապրած կյանքը բաշխել նրանց սերունդներին։
- Ամուսնացողների հարազատներից մեկը գալիս, շամփուր է տնկում նոր մահացած հարազատի, ազգակցի, մտերիմի գերեզմանին, որ չարը խափանվի։ «Առնում են» մահացածի հայացքը, որ հետ չնայի, և ուրախությանը սուգ չխառնի։
Հարսանեկան ծես․ նորահարսի մուտքը
Հարսանիքին հարս ու փեսայի առաջ տարբեր պտուղներով լեցուն սինի էին դնում. «Տուք էլ ճուճուփվիք, ճըռաքվիք էս սինուն նըման»։ Մեղրախորիսխ էին դնում. «Ո̈ւրո̈ւր հըէտէ քախծըր ինիքյ էս մըէղրէն նըման, ո̈ւրո̈ւր անա վեչ քուշտանաք»։
Խառնում էին թութ ու ընկույզ, խնձորածառ էին պատրաստում՝ տարբեր մեծության ու գեղեցկության պտուղներով. «Ծըզանա միշտ անպակաս ընի»։
Հարսանիքի ժամանակ նույն ճանապարհով երկու անգամ հարսին չէին տանում, չար աչքից շեղում էին։
Ամուսնական տան շեմը մտնելիս կավաման էին դնում հարսի ոտքի տակ և ստիպում, որ կոտրի․ «Որ ազատ զգաս դու այս տանը, ինչպես տանտեր»։ Մայրը (սկեսուրը) համբուրում է հարս ու փեսայի ճակատը, կտրում խնձորը, բաժանում երկու մասի, նորից միացնում. «Մին տըէռնաք»։
Նորապսակների գլխատակին առաջին գիշերից յոթ օր շարունակ պողպատե իրեր էին դնում՝ «չարքահալած են»։
Նորապսակների գլխավերևից «ծիյավուր-շընըհավուր» գորգ էին կախում, որ իրար հավատարիմ լինեն («Ըլիքյ հավադարօ»)։ Իսկ ավելի ուշ շրջանում գորգին բամբակով գրում էին՝ Սեր և միություն։
Հարսը տանում էին մատակի վրա։
Տուն գնալու առաջին օրը հարսի գիրկն էին տալիս տղա երեխա. «Ըռչինակը տղա ընի»։
Տըշտըքիրանքը նորահարսին չեն տալիս ուտելու․ նորահարսը թերմացք չի ուտի։ Արգելվում է նրան հաց թխելը, թոնրի վրա կորանալը, մինչև քառասունքը լրանալը մեռելատուն գնալը։
«Նօր հարթնանը սըրտո̈ւզիլիքյը տըէղաց կանին՝ հանցու վըսկըքյա¨քո¨ւլ տըղա պիրի, խընձուրիրէս ախճիգյ»։
Նորահարսը ճիրավը շըքըռէլ չի։
Ծննդաբերությունը մոտենալիս՝ տանն ինչքան քըշկօռ(հանգույց) կա, յէտ ըն անում։ Որքան պռատ, թլփատ, ճաքած ամանեղեն կա, կոտրում են, որ պտուղն առողջ լինի, իսկ ծննդաբերությունը՝ հաջող։
Կյա, կյա, վըսկըքյա¨քո¨ւլ տըղա կյա,– մտքում և բարձրաձայն ասում է նորահարսը։ Ծանր ծննդաբերության պահին, երբ հարսը գալարվում է ցավից, մոռանում է ոսկեթել տղայի մասին և ասում է. «Ախճիկ կյա՝ ճէլլի կյա, ճէլլի կյա»։
Երեխան ծնվելիս տան եղած բոլոր կաթսաները ջրով լցնում են, մեջները ասեղ, բիզ, մկրատ, խարտոց, պողպատյա դանակ էին դնում, որ քաջքերը նրանց կրակե ուժից կոտորվեն, և երեխան քառասունքը անվնաս բոլորի։ Ասեղը շուլալում էին ծըմըթկան (ծննդաբերած) հարսի կրծքին և թողնում մինչև քառասունքը լրելը։
Տանը հում միս չէին պահում։
Քառասունքի վերջին մայրը երեխային լողացնում է (սկեսրոջ օգնությամբ), ինքն էլ է լողանում (լողացնում է սկեսուրը)։
Երեխայի ծննդյան պահից մինչև քառասուն օրվա վերջը կոչվում է «Չըրքակօխ»։ «Խուխէն քառասունքը անց ա կըէնում, չըրքակօխն էլ անց ա կըէնում»։
Համբույրը որպես օրհնառություն
Նորապսակները գնում էին թոնիր, համբուրում նրա քարերը, երեսները դարձնում դեպի արևելք և այդպես մնում մեկ-երկու րոպե։
Աղջիկը, հայրական տունը թողնելիս, համբուրում է օջախի քարը, համբուրում է նաև ամուսնական տան օջախի քարը, շեմքի սրբատաշ քարը, սկեսրոջ ձեռքը կամ փեշը։
Բացառիկ դեպքերի սովորույթներ
Երիտասարդ հասակում մահացած եղբոր կնոջը առնում է չամուսնացած եղբայրը՝ որպես հարգանքի տուրք վաղամեռիկ հարազատին և իրենց օջախի շեմից ներս մտած հարսին։ Սա կատարվում է միայն երկուսի համաձայնության հաշվառումով։
Առևանգմամբ ամուսնությունը թշնամաբար չեն ընդունում։ Խնամիների հաշտությունը կայանում էր մինչև մեկ շաբաթ լրանալը։ Այնուհետև պսակը կատարվում էր ընդունված կարգով։
Երկրորդ անգամ ամուսնացողի համար հարսանեկան արարողությունն արգելված էր ավանդույթով։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արվում էր, քահանան չէր ներկայանում, պսակը չէր օծվում։ Երկրորդ հավաքը կոչվում էր հացուտիք. ասվում էր նաև հացպուկի։ («Սա հըրսանէքյ չի, հացուտիք ա», «Հինչ հըրսանէքյ, մին փօր հաց պուկըէցէնքյ»)։
Խնամիական հարաբերությունների կառուցում
Հարսանիքից առաջ՝ խնամիներից ով շուտ է հաց թխում, մյուս խնամուն թարմ հաց է ուղարկում, մի սա¨ք հաց (տաս-տասներկու)՝ որպես թաժահ հաց։
Հարսանեկան արարողությունից առաջ, կարմիր և կանաչ, ծիածանագույն շորակտորներով ու պաստառներով զարդարում էին տան ճակատն ու մուտքը, և դա կոչվում էր «կընընչկյա¨րմո¨ւրը կապէլ»։
Սահմանում
Կինը պետք է ջահել լիներ ամուսնուց, առնվազն 10-15 տարվա տարբերությամբ, որ կարողանա նրա վերջին օրերին (տարիներին), ծերության շրջանում պահի, խնամի նրան։ Ըստ հնագույն սովորության՝ դժբախտ է այն այրը, որ կնոջից ուշ է մահանում։ Կինը կարող է ամուսնու բացակայությամբ իրեն պարտակել, իսկ ամուսինը չի կարող թեկուզ հարսի ու տղայի հովանավորությամբ։ Դժվար է ծերունու համար հարսի խնամակալության տակ ապրել։ Հիվանդ ու ծեր մարդուն միայն ու միայն հարազատ դարձած կինը կարող է հասկանալ, տանել ու ծառայել։ Ուրիշ ոչ ոք։ Պառավ մարթին պահէլը հարթնու պէն չի։ Կընգանը պահած էշին էլ, հարթնանը պահած պատրօնէն էլ...

Աղջիկ ուզելու ավանդույթը արցախահայոց շրջանում(Վարանդայում)
Հարսնացուի ընտրության խնդրում երիտասարդը շատ փոքր ձայն ունի. դա առավելապես պատկանում է մորը և հորը: Հազիվ է պատահում, որ մի երիտասարդ ամուսնանա իր ծնողների չուզած աղջկա հետ, մինչդեռ աղջիկներն ավելի հաճախ փախչում են իրենց սիրելիների հետ, եթե իրենց ծնողները հակառակ են լինում իրենց միության:
Սրա պատճառն այն է, որ երիտասարդները, առանձին, ինքնուրույն կյանք չունելալով և տնտեսապես կախված լինելով հորից, չեն համարձակվում նրա կամքին հակառակ գնալու: Աղջիկն առնել-փախցնելուց հետո նրանք հազիվ կարողանում են մի ամիս անց կացնել այս կամ այն բարեկամի տանը, այնուհետև կամա-ակամա ստիպված են վերադառնալու իրենց տուն, որովհետև սեփական հող, դրամագլուխ չունեն և բանվորական կյանքն էլ, մանավանդ ձմռանը, գոյություն չունի Վարանդայում:
Այսպես ուրեմն, երբ ծնողներն ընտրում են մի աղջիկ՝ առավելապես նրա ընտանիքի և մանավանդ մոր բարոյական հատկություները նկատի ունենալով, մի կնոջ ուղարկում են աղջկա մոր մոտ խնամախոսության: Այդ կինը, գովելով երիտասարդի ընտանիքը, օջախը և երիտասարդի աշխատասիրությունն ու կտրիճությունը, «կադրիէլ (կատարյալ) ռաշիդ (քաջ) տըղա յա», առաջարկում է տալ աղջիկը նրան:
Աղջկա մայրը ժամանակ է խնդրում՝ ամուսնու և մանավանդ իր եղբոր հետ խորհրդակցելու` խոստանալով աշխատել հաջողեցնելու: Մի քանի օրից աղջկա մայրը հայտնում է իր համաձայնությունը և կամ մերժում:
Համաձայնության դեպքում ամուսնացող երիտասարդը իր եղբոր կնոջ հետ, առնելով մի հասարակ, 20-60 կոպեկանոց մատանի, գնում է աղջկա տունը: Փոքր-ինչ խոսակցությունից հետո աղջիկը, իր երեսը քողով ծածկած, թեյ է բերում: Երիտասարդի հետ եկած կինը աշխատում է բանալ աղջկա երեսը և տեսնել նրա գեղեցկությունը, ապա համբուրում է ճակատից և բերած մատանին դնում մատը: Այս ծեսը բարբառով «բէհ (առհավատչյա) տանէլ» է կոչվում:
Հետո ընթրիք են տալիս ու մի-մի զույգ գուլպա նվիրում փեսացուին ու կնոջը, որոնք, որոշելով նշանադրության օրը, վերադառնում են տուն:
Նշանադրությունը գլխավորապես տեղի է ունենում մեծ պասին, իսկ հարսանիքը՝ Նավասարդից մինչև մեծ պաս և առավելապես՝ Բարեկենդանին:
Հարսանիքի պատրաստությունն սկսվում է չորեքշաբթի՝ տղայի, իսկ հինգշաբթի՝ աղջկա տանը:
Հարսանիքն իսկապես տևում է յոթ օր՝ չորեքշաբթի օրից մինչև երեքշաբթի, միայն բուն հարսանիքը կատարվում է երեք օրվա ընթացքում՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի: Այս օրերն անելու գլխավոր պատճառն այն է, որ նախ՝ ուրբաթ օրը, պասի կերակրեր մատուցանելով, ավելի քիչ կծախսեն, և երկրորդ՝ «կանչը» կընկնի կիրակի օրը, երբ գյուղացիները, բոլորովին ազատ լինելով, ավելի մեծ թվով կհավաքվեն:

Նըշընտիրիքյ
Որոշված օրն առավոտյան փեսացուի տնից ուղարկում են աղջկա տունը մի ոչխար (եթե միայն հարուստ են)՝ ճակատը սպիտակ և կարմիր ներկած, պոզերից և վզից խնձորներ և ընկույզի շարուկ ձգված, մի շիշ օղի, մի թունգի գինի, մրգեղեն և շաքարեղեն: Սրանք տանողը ստանում է 40-80 կոպեկ նվեր և հյուրասիրվում:
Երեկոյան թե՛ տղայի և թե՛ աղջկա ծնողները հրավիրում են իրենց տղամարդ բարեկամներին: Տղայի տանը հրավիրվում է նախ քահանան, քավորը և տանուտերը: Մի-մի բաժակ օղի խմելուց հետո առաջ են բերում մի խնձոր՝ մեջը արծաթյա կամ ոսկյա մատանի և տան կանանց կողմից մի քանի աբասի խրած: Քահանան առնում է խնձորը, շնորհավորում, մի աբասի էլ ինքը մեջը խրում և տալիս իր մոտ նստողին: Սա ևս մի աբասի է խրում՝ նույն կերպ շնորհավորելով: Երբ խնձորը, պտույտ գործելով, աբասիներով լցվում է, դնում են մի չարղաթի(մետաքսյա գլխաշորի) մեջ երկու զույգ կանաչ-կարմիր քոշերի(երեսը կիսով չափ բաց կոշիկ) հետ, որոնցից մի զույգը հարսնացուի, իսկ մյուսը նրա մոր համար է լինում, և կապում:
Այս ժամանակ աղջկա տնից մի տղա է գալիս և հրավիրում նրանց բոլորին աղջկա տունը: Անմիջապես բոլորը վեր են կենում, ծերունիները վերադառնում են իրենց տուն, իսկ մյուսները գնում են աղջկա տունը: Փեսացուն չի գնում հարսնացուի տունը: Երբ հասնում են հարսնացուի տանը, տնեցիներն ընդառաջ են գալիս և սիրով ընդունում: — Ծէր վըննըկյալիքյը պարի ինի,- ասում է հարսնացուի մայրը փեսացուի մորը,- օրախ պարիկամ ինիքյ: —Յէկալ ընք ծէր ուջաղան մին հափուռ վըէղ յօր օնինքյ,- պատասխանում է փեսացուի մայրը,-աստուծ տա անփէշման ինինքյ: Մէր ջա̈հիլնէրէն կապըն էլ էրկան ինի:
Հետո մտնում են ղարադամը և նստում օջախի շուրջը։ Անմիջապես թեյ են մատուցում և հետո հաց փռում: Այս ժամանակ տղայի հայրը դառնում է քահանային և ասում.
—Ա´ դեր, կարգի, պատարագի իլիս, պէր մէր հարթնացուն՝ մին ուրախանանք, գիդյո̈ւմ ըմ, վէր մէր խընամէն կյա̈րմո̈ւր կյինի շատ օնէ, կօտինքյ, կըխմինքյ, քյէփ կանինքյ:
Իսկույն մի կնոջ առաջնորդությամբ հարսնացուն, երեսը մինչև գոտին չարղաթով ծածկված, գալիս է և կանգնում քահանայի մոտ: Այս ժամանակ մի սկուտեղի մեջ մրգեղեն, մի քանի մոմ, մի քանի խնձոր և նշանի մատանին դրած՝ մոտեցնում են քահանային: Քահանան օրհնում է այս և վերցնում տալիս փեսացուին: Սա էլ այն անցկացնում է հարսնացուի մատանեմատը: Այս միջոցին ման են ածում սկուտեղը, և հյուրերը, շնորհավորելով ու բարեմաղթություններ անելով, մի-մի բաժակ գինի կամ օղի են խմում, շաքարեղենից ուտում և մի-մի արծաթյա քսան կամ տասնևհինգ կոպեկանոց խրում խնձորի մեջ: Այս փողերը, որ տեղական բարբառով «հարթնէնը տըված թաս» են կոչվում, պատկանում են հարսնացուին, և մոտավորապես 3-8 ռուբլու է հասնում, որից տալիս են քահանային՝ 50 կոպ.- մի ռուբլի, և 30-50 կոպ.՝ հարսը առաջ բերող կնոջը:
Սրանից հետո սկսում են հաց ուտել: Մատուցում են խորոված, խաշու (մսով եփած ջրալի կերակուր) և ճյա̈շ (փլավ)՝ եփած հավը վրան: Մինչև առավոտ քեֆ են անում, ուտում, պարում, շատ անգամ էլ կռվում և լուսաբացին ցրվում տները:
Մյուս օրը աղջկա տնից ուղարկում են տղայի տունը մի շիշ օղի, մի թունգի գինի, մի եփած հավ, 3-5 զույգ էլ լավ գուլպա:
Այն դեպքերում, երբ փեսացուն նշանդրեքի երեկոյին աղջկա տունը չի գնում, աղջկան էլ առաջ չեն բերում, այլ աղջկա մայրը տանում ձգում է նրա գլխին օրհնած չարղաթը և մատանին անցկացնում մատը:
Պատահում էլ է, որ երիտասարդը գյուղից անգամ բացակա է լինում, և ծնողները մինչև անգամ առանց նրան հարցնելու նշանում են իրենց ընտրած աղջկա հետ: Երբեմն էլ երիտասարդի բացակայության ժամանակ նրա գդակը` փափախն են տանում և նրա հետ նշանադրում:
Ավելորդ է ասել, որ քահանաներն, անգամ մի առանձին նշանակություն չտալով նշանվողների փոխադարձ համաձայնության, չեն էլ հարցնում, թե նրանք համաձա՞յն են:
Նշանադրության երկրորդ օրը փեսացուն հոր կարգադրությամբ պատրաստություն է տեսնում՝ գնալ հարսնացուին տեսնելու: Առնում է մի փոքրիկ հայելի, մի փոքրիկ դանակ, մի մատնոց, մի ասղաման և մի քանի ֆունտ մրգեղեն (չամիչ և տկողին): Մայրը կապում է այս բոլորը մի թաշկինակում: Գիշերը ուշ, երբ բոլորը քնած են լինում, երիտասարդը վերցնում է այդ թաշկինակը և զգուշությամբ գնում աներանց տուն: Եթե փողոցում նրան տեսնեն, կբռնեն և կթակեն, մինչև որ նրանից մի ընծա չստանան:
Այսպես գաղտագողի նա հասնում է իր հարսնացուի տունը և կամացուկ մի փոքրիկ քար ձգում երդիկից․ սա նրա այցետոմսն է, որ ուղարկում է զոքանչին: Երբ այս միջոցը չի օգնում, նա մի հարևան կին է ուղարկում իմաց տալու: Վերջապես զոքանչը կամացուկ բաց է անում դուռը և ընդունում փեսացուին: Այս ժամանակ բոլորը, եթե ոչ քնած, գոնե այդպես են ձևացնում:
Անմիջապես մի հավ են մորթում և փլավ պատրաստում: Փեսան նստում է միայնակ ընթրելու, զոքանչն էլ մի քիչ հետո նստում է մոտը և սկսում գովել իր աղջկան: Տղան աչքերը գետին ձգած պատասխանում է այս գովասանքներին. «Դէ վէր իմ ապէր հավան ա կացալ, յէս հինչ ը՞մ ըսըլական, յէս լյհա հավան ըմ, հավան»:
Հետո մայրը գնում բերում է աղջիկը: Տղան կամ մատանի է դնում մատը և կամ մի ռուբլի փող նվիրում: Մի քիչ հետո մի զույգ գուլպա նվեր է ստանում և վերադառնում տուն: Մյուս օրը տղայի մայրը հարցնում է տղային, թե հավանե՞ց աղջկան, սա էլ կարմրելով պատասխանում է. —Դէ յէս տըէսէ վուչ ո̈ւրա̈ն, ամմա մարը շատ թա̈րիփ ըրավ, դէ վէր տու, ապէրը հավան ըք կացալ, օզալյ ըք` հինչ բի՞դի ասիմ:
Նշանադրությունից հետո տղայի բարեկամները գնում շնորհավորում են աղջկա ծնողներին և մի-մի ընծա տալիս հարսնացուին, որ բաղկացած է լինում մատանիներից, ասղամանից, հայելուց, օճառից և այլն: Տնեցիները նրանց լավ հյուրասիրում և մի զույգ գուլպա նվեր են տալիս:
Պատահում է, որ մի քանի հոգի միասին են գնում: Այս դեպքերում մի բաժակի մեջ գինի են լցնում և «Աստուծ շունուրհավուր անէ» ասելով՝ միմյանց տալիս ու մի-մի քսան կոպեկանոց ձգում մեջը: Հետո այս բաժակը ուղարկում են հարսնացուին, որ թափում է գինին, վերցնում դրամները, նորից գինի լցնում և բաժակի վրա մի խնձոր դրած՝ վերադարձնում: Այսպիսով, նա հայտնում է իր շնորհակալությունը:
Հարսանիք. հարսանեկան ծիսական համակարգը
ՀԱՐՍԱՆԻՔ ․ (Մեզ է հասել նաև հարսնառ, հարսառ, հարսնառեք, հարսնառիք, հարսենիք, հարսնիք հին ու սակավ գործածական անուններով)։
Կազմված է հարս, առ (ն) և իք բաղադրիչներից։ Բառաբարդումից անկում է ունեցել ռ հնչյունը։ Պարզ հայկական բաղադրիչներով կազմված այս բառը հավաստում է հարսանիքի՝ ի սկզբանե բուն հայկական երևույթ լինելու մասին։ Բառն իմաստավորում է հարս տանելու հետ կապված հին ժողովրդական ամենաաշխույժ ու բազմաբովանդակ արարողությունը։
Հարսանիքը սկսվում է «գանչով»։ Նրանով բնակավայրի բնակչությանը կանչում են հարսանիքի։ Այն ամենամասսայական և ուրախ արարողությունն էր, որին մասնակցում էր ողջ ժողովուրդը ծեր ու երիտասարդ, կին ու երեխա, հիվանդ ու հաշմանդամ, ծանոթ ու անծանոթ, հյուր ու ուղևոր։ Հարսանիքը բոլորի համար բաժին ուներ, հատուկ բաժին։ Անգամ մուրացկանների համար հատուկ սեղան էր պատրաստվում, քարվանների համար՝ իջևանատեղի։
«Լօխ աշկէս յիրա, կըլխէս յըրա տըէղ օնին», «Հու վէր յէկալ ա, նըրանա շատ շընուրհակալ ըմ, աստուծ էլ ո̈ւրա̈ն խօցը հըրթնընքու արժան անէ», «Հուվէր հիշքան կարում ա օտէ, խըմէ, պար կյա, քյէփ անէ», «Օտէլը մըզանա, օրխօթունը ծըզանա» և այլն)։
«Գանչը» նվագում է եռյակը (զուռնա, դամքաշ, դհոլ)։ Նվագողները «գանչ» նվագում են առավոտ վաղ, երբ դեռ լույսը չէր բացվել, ժողովուրդը դեռևս քնած էր։
Հրավեր-նվագը հնչեցնում էին շենամեջերում, բնակավայրի հավաքտեղիներում, տեսանելի վայրերից, գյուղամոտ բլուրներից։
Օրինակ՝ Աշանում «գանչ» նվագում էին Հերշեն բլրից, Բերդաշենում՝ Մեծ և Պիծի շենամեջերում։ Բնակավայրի պատվավոր մարդկանց (իմաստասեր, խելոք, բարի, իշխան, պաշտոնյա) հրավիրում էին՝ «հըէտան» կարմիր խնձոր ուղարկելով։ Իսկ առավել արժանավորներին և հարսանքին շուք տվող մարդկանց, որոնք ծաղկեցնում էին հանդեսը, հրավեր-նվագը ներկայանում էր նրանց ոտքը (պէլի(քավոր), խաչեղբայր, զրուցարար, կատակաբան, երգիչ, տաղասաց և այլ)։ Նվագողների հետ նրանց «ոտքն էին գնում» մի խումբ աղջիկներ ու տղաներ երգով ու պարով և երկու-երեք տարեց ու անվանի մարդիկ հարսանքատար մերձավորներից, որ «խնդիրք անեն»։
Հարսանեկան արարողությունը սկսվում է աղջկատանը տարեց կանանց և տղամարդկանց հացկերությամբ («Մըծամարթը՝ հաց»)։ Շարունակվում է «գանչ» նվագը։ «Գանչը» պարեղանակների և ժողովրդական տխուր և ուրախ մեղեդիների հարուստ հավաքածու է։ «Ծընդըրյանա» (ծնդրանա) պարեղանակները տարեց մարդկանց ու կանանց պարի են հրավիրում։ Հարսանեկան հին արարողությունների ամենահետաքրքիր ու տեսարժան մասն էր ծերերի հանդիսությունը։ Տոհմիկ պարերով, խոսքով ու խաղով, խրատական «զրիցներով», կատակով համեմված խրախճանություն էր։
Պատմում են, որ հնում եղել են շռայլ ու շքեղ հարսանիքներ։ Սեղանը զարդարված էր լինում ամեն տեսակի կերակուրներով և ուտեստներով, չէր պակասում անգամ «հավի պանիրը»։ Հարսանիքը տևում էր մինչև մի շաբաթ։ Մինչև վերջերս Թաղավարդի և շրջապատի գյուղերում հարսանիքը տևում էր ոչ պակաս, քան երեք օր։ Նորապսակները հագնում էին ոսկեհյուս զգեստներ, ոսկյա և արծաթյա կոճակներ էին կպցնում զգեստներին, պճնվում էին թանկարժեք զարդարանքներով, հագնում էին ասեղնագործված մետաքսյա գուլպաներ ու կոշիկներ։ Մետաքսյա, թավշյա ծածկոցներն աչք էին շլացնում։ Մակառները ևս հագնվում էին շքեղորեն, հեծնում էին ձիեր արծաթյա սանձերով ու թամբերով, ոսկեպատյան սրերով էին զինվում, կապում էին թանկարժեք գոտիներ, հրացան-ներն ունենում էին ոսկեզօծ կամ արծաթապատ կոթուններ, դաստակներ։
Հարսանիքներում դրամներ էին բաժանում, ցրում ամբոխի մեջ և այլն։ Պատահում էր հարսնացուն ստանում էր մի քանի տասնյակ մատանիներ և այլ զարդարանքներ, շաբաթներով փչում էր զուռնան։
Հըրսանէքյ ըն ասում, վէր ընօղէն սըէրտը ճաքէ վէչ։