Ընտանեկան կենցաղ և ընտանիք․ ազգակցական համակարգ

Նյութեր

Ընտանեկան կենցաղ և ընտանիք․ ազգակցական համակարգ

Մարը թաժա հաց ա,

Օտիս, վէչ քուշտանաս,

Հա̈րը քյօհնա կյինի յա,

Խըմիս, վէչ քուշտանաս,

Քուրը յըղըպատառ ա,

Օտիս էլ, քուշտանալ չըս,

Ախպէրը ըրիքյնակ ա,

Պըտո̈ւտ կըտա՝ հըէռանալ չըս,

Պապէն տանը քյէթուկն ա,

Տո̈ւրո̈ւր տաս՝ մըծանալ չըս։

ԸՆՏԱՆԻՔ ․ Ընդ տանիք, իմաստն է՝ մի տանիքի տակ ապրողներ, մի տան մարդիկ, հարազատներ։ Ասվում է նաև մին կօճու տակէ, մին թախթափուշու տակէ, մին ժէշտու տակէ, ուրուրուցան մինչև ծըհանը (փոքր երեխայից մինչև հացթուխ նանը)։

Ընտանիքի կազմը

Պապ (պապէ, պապիկ, պապի, հուրապապ, մուրապապ, մըէծ պապ, հօրհա¨ր, մըէծհա¨ր), տատ (տատի, տատիկ, տատէ, հօրմար, մօրմար, մըէծ-մար, նան, նանէ, նանի, մըէծնան, այա, այանէ), հայր (հա¨ր, հա¨րի, ահա¨ր, պապա, պապանա, հայրիկ, ապի), հիրացու հայրացու, հայրություն անող այր, մար - մայր, մարէ, մամ, մամանէ, մէրիկ, մէրա, մըրացու - /մայրացու, մոր պարտականությունը կատարող կին, մորու/։

Մայր էին անվանում երբեմն նաև մեծ քրոջը, որ մոր բացակայությամբ ստանձնում էր նրա պարտականությունները։ Մըէծ քուր - մեծ քույր, մըծաքուր, աքէր, աքա։ Պիծի քուր (կուճի, կուճուր, պուճուր քուր) - Քույրերի և եղբայրների հոգածության կրողը. «Թա ախպերը թաքավեր ա, պիծի քուրն էլ թաքուհի ա»։ Մնացած քույրերը կոչվում են (միջնակ)։

Ախպեր –եղբայր, ախպեր, խորթ ախպեր։ Մեծ ախպեր, ապեր, ապա - հոր բացակայությամբ ստանձնում է նրա պարտականությունները։ Պիծի ախպեր - կուճի ախպեր կամ ուղղակի կուճի։ Մնացած եղբայրներն անվանվում են մաշնակ (միջնակ)։

Տըղա- մեծ տղա, պիծի տղա, մաշնակ տղա։ Ախճիգյ - մեծ ախճիկ, պիծի աղջիկ, մաշնակ աղջիկ։

Թօռնը ․ թոռն (տղա– թոռնը, ըխճկա թոռնը), հոգնակի թոռներ։ Ծօռնը - ծոռն, նույնն է ծուռն, ծուռ (տըղածօռնը, ըխճըկածօռնը)։ Կօռնը, վօռնը և այլն։ Հարթնը ՝ հարսն, հարս, հա¨սի, հարսիկ, նորահարս։ Մըէծ հարթնը - իշխանություն ունի մյուս բոլոր հարսերի վրա, մեծ մորից հետո երկրորդն է։ Պիծի հարթնը (հարսիկ) - փոքր հարս։ Մնացած հարսերը միջնակ հարսներն են։

Թուփ -ընտանիքից բաժանված և իր լայնիրավ ընտանիքն ունեցող եղբայր։

Թուփէր - նույն կարգի բաժանված եղբայրներ։

Ծուպ - ցոպ, հոգնակի ծուպեր։ Բաժանված եղբայրների թոռները, որոնք ընտանիքավորված են։ Օրհնանք՝ «Թուփավ-ծուպավ ինիս»։ Կենաց՝ «Թուփէդ-ծուպէդ կէնացը»։ Խօխա, ըրախա, թուփ - ծուպ։

Բարեկամներ, հարազատներ - ղօրփէր-հորեղբայր, հօրախպեր, հօպար, ա¨մի։ Այս անուններով են կոչվում ոչ միայն հորեղբայրները այլև ազգի բոլոր այրերը։

Հըրաքուր - հորաքույր, հօքուր, հաքու, հօքօլիկ (տարիքով փոքր հորաքույրը)։ Հոգնակի՝ հըրաքւվէրք։ Կնոջ (հարսի) համար ամուսնու քույրն անվանվում է տա¨լ (ոստ, ճյուղ)։ Իմ տա¨լը։ Հոգնակի՝ տալեր։ Իմ տա¨լին տղան, իմ տա¨լին ախճիկը, իմ տա¨լին թոռնը, իմ տա¨ին փեսան։ Հըրաքվէր տըղա, հըրաքվէր ախճիգյ, հըրաքվէր թօռնը, հաքէրփէսա։

Մըրաքուր - մորաքույր, մօրքուր, մօքուր, մօքիր, աքեր։ Մորաքույրը մայրություն էր անում քրոջ որբ երեխաներին («Մարը վէրը կընի, մըրաքուրը վէրը կընի»)։ Մըրաքվէր տըղա, ախճիգյ, թօռնը, ծօռնը, փըէսա, մըրաքվէր հարթնը։

Հանէր, զէմքուչ (զոքանչ), հընըրտըղա, հոգնակի՝ հընըրտըղէքյ, քըէնէ (քենի) մըէծ, պիծի, մաչնակ։ «Պիծի քէնէն կըծիմ»։ «Հանօրը էշը փըսէն հըէտէ հըրէղան ծի ա»։ «Փըէսան հանօրը էշը կընի»։

Խընամէ ․ խնամի են հարսի և փեսայի ծնողներն ու հարազատները, ազգականները։ Խնամի /խնամող, խնամք տանող/ բառն ունի հարազատ, բարեկամ, մերձավոր փոխիմաստները։

Պէլի, պիլակըէն, պէլու տըղա, պէլու աղջիգյ։

Խաչախպէր - խաչեղբայր, քավէր-քավոր, քավորտըղա, քավորախճիգյ։ Հըրակաշ - հարա քարշ բառից։ Բառը հոգնակի չունի, որովհետև եզան զուգընկերը մեկն է լինում։ Հրակաշն ընտանիքի ամենաազնիվ ու մերձավոր բարեկամներից է։ Ընդհանրապես հրակաշությունն ավանդվում է ժառանգաբար, ինչպես պէլին (պէլիությունը)։

Տընըհավա - Բառի անաղարտ ձևն է տնահավաք. ընտանիք կազմող անդամների հավաքական անունը, նրանք, ովքեր ապրում են մի հարկի տակ և հարազատորեն կապված են իրար (պապ-տատ, հայր-մայր, որդիներ, թոռներ)։ Ուրուրուցան մինչև ծըհանը- ընտանիք, փոքր երեխայից մինչև հաց թխողը՝ տատը։

Ընտանեկան ծիսակարգ

Արցախյան ավանդական ընտանիքը շատ կանոնակարգված կենցաղ ուներ։ Ահա մեկ օրինակով ներկայացնենք այդ չգրված, բայց կենսահաստատ օրենքներից մեկը։

Սովորաբար տոն օրերին արցախցու սեղանին լինում էր փօրը լըցած կամ մաչած հավ: Այն համարվում է արցախցու ավանդական սեղանի զարդը: Դրանով հյուրասիրում են նորափեսային, հյուրերին, տեղադրում հարսանեկան ծառի վրա և սկուտեղներում: Տան յուրաքանչյուր անդամ գիտեր՝ որ մասն է իր բաժինը:

Թևերը աղջիկներին է տրվում, որ շուտ մեծանան, թռչեն, գնան նոր ընտանիք կազմեն, բուդը՝ ազդրը, տղաներին է տրվում, որ ամրանան նրանց ոտքերը, խոր խրվեն հայրենական հողի մեջ, գլուխը տալիս են տան մեծավորին, որ նրա շուքի տակ զորանան տան բոլոր անդամները: Վիզը տրվում է անդրանիկ որդուն, որը պետք է վըէզը տակավը տըված օջախը կանգուն պահի, կատարի տան դժվարին գործերը և կրտսեր անդամներին հոգածու լինի: Սպիտակ միսը տանտիկնոջ բաժինն էր, որ զորացնի նրա մարմինը՝ որպես սերունդ ծնողի: Հավի մաչը՝ լցոնվածքը տրվում ա տատիկին ու պապիկին, որ նրանց լեզուն միշտ քաղցր ու իմաստուն զրույցներով տունն ուղղորդ պահի: Արգանակը՝ մսաջուրը, բաժինն է ամենափոքրերի, որ ուտեն, խաղան ու մեծանան:

Տատէն տանը աղըն ա,

Պապէն՝ կըռէչանը,

Հարթնը տանը մաղն ա,

Տըղան ճըղացպանը։

Պապէն տանը թըխտըմօրն ա,

Մարթյը տանը սո̈ւթո̈ւնն ա,

Կընէգյը տանը կըրակն ա,

Տըղան տարվա կյարունքըն ա,

Հարթնը մընէշակըն ա։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft